Ժաննա դ՚ Արկ, Օբելիքս. Ջերմուկում ֆրանսիական մթնոլորտ էր տիրում

Armenpress 10:45, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վայոց Ձորի Ջերմուկ համայնքում Ֆրանկոֆոնիայի թեմայով կայացավ հերթական ձնե քանդակների փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ձնեմարդուկ» փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ և իր շուրջ է հավաքում զբոսաշրջիկների թե՛ Հայաստանի տարբեր մարզերից, թե՛ արտասահմանից։

Ներկայացնելով փառատոնը՝ «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանն ընդգծեց, որ այն կազմակերպվում է ձմեռային զբոսաշրջային ուղևորահոսքերն ավելացնելու նպատակով։

«Փառատոնը հիմնականում կազմակերպվում է փետրվարին, քանի որ այն տուրիզմի տեսանկյունից պասիվ ամիս է համարվում, իսկ մենք, այսպիսով, փորձում ենք զբոսաշրջային սեզոնն ավելի երկարաձգել,- ասաց Վազգեն Գալստյանը։

Նրա խոսքով՝ իրենք նպատակ ունեն նմանատիպ փառատոնների միջոցով առհասարակ Հայաստանում զարգացնել ձմեռային զբոսաշրջությունը։  «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ արդեն ավանդույթ է ձևավորվել Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողներին հրավիրելը։ Ալիսան ու Արմինեն հենց այդ ավանդույթի համաձայն են հայտնվել Ջերմուկում։ Նրանք առաջին անգամ էին մասնակցում փառատոնին։ «Ձնեմարդուկ 2018»-ին մասնակցելու համար աղջիկներին տրվել է թեմա, որի էսքիզներով հաղթել են ու եկել քանդակելու։

«Տպավորությունները շատ լավ են, մենք առաջին անգամ ենք ձնով քանդակում։ Քոլեջում այլ նյութերով ենք աշխատում՝ կավով, քարով, սակայն սա էլ է հետաքրքիր։ Իհարկե, ձյունն այս տարի այդքան էլ հաջող չէ, բայց առաջին փորձի համար, կարծում եմ, վատ չի ստացվել»,- ասաց Ալիսան և հավելեց, թե քանի որ թեման ֆրանկոֆոնիան էր, նրանք քանդակել էին Ժաննա դ՚ Արկին։

Մեկ այլ մասնակից՝ Անժելիկան, ով նույնպես քոլեջից է եկել՝ արդեն երկրորդ անգամ էր մասնակցում փառատոնին, նշեց, որ նա իր ընկերուհու հետ քանդակում է ֆրանսիական մուլտֆիլմի հերոս Օբելիքսին։

«Քոլեջում մենք աշխատում ենք գիպսով, կավով, քարով։ Ձնով աշխատելը լրիվ այլ պրոցես է և հետաքրքիր։ Կարծում եմ, ամեն մի նյութով աշխատելն էլ իր տեղն ունի, և պետք է ուղղակի հարմարվես։ Անցյալ տարի ազատ թեմա էր, և բու էի քանդակել, իսկ այս տարի, քանի որ թեման ֆրանկոֆոնիան է, քանդակել ենք մուլտֆիլմի հերոս Օբելիքսին։ Արդեն երկու օր է քանդակում ենք»,- ասաց Անժելիկան։

«Ձնեմարդուկ» փառատոնն անցկացվում է 2012 թվականից։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am