Կարծես վտանգավոր խելագար լինի. Նևզորովն անդրադարձել է «Երևան վերադառնալու» մասին Ալիևի հայտարարությանը

Armenpress 16:33, 15 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուս ամենահեղինակավոր հեռուստալրագրողներից  Ալեքսանդր Նևզորովը  ռուսական Эхо Москвы ռադիոկայանի Невзоровские среды  հաղորդման փետրվարի 14-ի  եթերում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ «Երևան և Զանգեզուր վերադառնալու» վերաբերյալ հայտարարություններին և  սուր քննադատության ենթարկել Ադրբեջանի նախագահին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: 

«Ալիևը  Երևանի վերաբերյալ իր հայտարարություններով կարծես վտանգավոր խելագար լինի»,- Невзоровские среды  հաղորդման փետրվարի 14-ի  եթերում նշել էր  Ալեքսանդր Նևզորովը: 

Ալեքսանդր Նևզորովը նշել էր նաև, որ Երևանը ադրբեջանցիներինը լինելու վերաբերյալ սուտը ադրբեջանցիների կողմից ստեղծված առասպել է, ինչը կարող դառնալ ապագա արյունահեղության և ատելության պոռթկումների պատճառ: 

Գործակալությունը նշում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը և Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը անհրաժեշտ չեն համարել մեկնաբանել հեռուստալրագրողի քննադատական խոսքերը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am