Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնակցությամբ Բուլղարիայում գործարար համաժողով կկազմակերպվի  

Armenpress 15:38, 13 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում հիմադրամի և Բուլղարիայից ժամանած՝ ՓՄՁ աջակցության կառույցների ներկայացուցիչների միջև: Բուլղարիայի պատվիրակության կազմում էին ՓՄՁ զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարիետա Զահարևան, նույն գործակալության բաժնի պետ Բորիանա Մինչևան, Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական և ներդրումային հարցերով քարտուղար Յուլյանա Դիմիտրովան, Բուլղարիայի արդյունաբերական պալատի խորհրդի անդամ Իվայլո Դերմենջևը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամից: 

Բուլղարիայի պատվիրակությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ էր այցելել այդ երկրի նախագահ Ռումեն Ռադևի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, աջակցության ուղղությունները և տրամադրվող աջակցության տեսակները: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Ափուջանյանը  միջազգային համագործակցության ծրագրերից բացի ներկայացրեց նաև բուլղարական գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը։ Կ. Գևորգյանը պատմեց նաև Ձեռնարկությունների եվրոպական ցանցի և Սևծովյան ծրագրերի շրջանակում արդեն առկա համագործակցության արդյունքների մասին: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնավոր հատվածի զարգացման և առևտրի ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովը ներկայացրեց ԵՄ COSME և Horizon 2020 ծրագրերի հնարավորությունները համատեղ հայ-բուլղարական գործակցության համար։ 

Հանդիպման մասնակիցները քննարկեցին համագործակցության հնարավորությունների ընդլայնումը և գործարար կապերի ամրապնդումը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց 2018 թ. հուլիսին կազմակերպել համատեղ գործարար համաժողով Բուրգասում։ Որպես համագործակցության թիրախային ոլորտներ նախանշվեցին տուրիզմը, վերականգնվող էներգետիկան, դեղագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և սննդի վերամշակումը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովի կազմակերպմանը:   

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ այցից առաջ պատվիրակությունը հանդիպել էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի հետ։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am