Մալիի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի արտգործնախարարին

Armenpress 18:07, 12 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 11-ին ընդունել է Մալիի նորանշանակ դեսպան Տիեֆինգ Կոնատեին (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպան Կոնատեին՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Մալիի միջև հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Մալիի դեսպանը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խթանման համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, առևտրատնտեսական կապերի զարգացման շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am