Մոսկվայի մոտ կործանվել է Ան-148 մարդատար օդանավը

Armenpress 17:13, 11 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ան-148 մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ի Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը։ Ընդհանուր առմամբ, օդանավում եղել է 71 մարդ։

ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում և այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախոսահամարով։

ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մոտ Ան-148 օդանավի կործանման դեպքով, հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ  Սվետլանա Պետրենկոն։

Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի՝ օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։

Մեկ այլ աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռի վթարից հետո կենդանի մնացածներ չկան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am