Թուրքիայում հայտարարում են Թիլերսոնի այցի մասին. պետքարտուղարությունից այցի մասին տեղյակ չեն

Armenpress 10:43, 7 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվամիջոցի տեղեկություններով՝ Թիլերսոնը կայցելի Անկարա, իսկ ՄըքՄասթերը՝ Ստամբուլ՝ վերականգնելու հարաբերությունները, որոնք լարվել են Սիրիայում տեղի ունեցող գործողությունների պատճառով:

Ուշագրավ է, սակայն, որ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը նախօրեին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետքարտուղարի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա:

Թուրքակայն «Հուրիեթ»-ը նշում է նաև, որ դեռևս պայմանավորվածություն չկա նախագահ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ՝ հիշեցնելով այն սկանդալը, որը տեղի էր ունեցել Էրդողան-Թրամփ վերջին հեռախոսազրույցից հետո, երբ երկու երկրի նախագահականները իրարից տարբերվող հայտարարություններ էին տարածել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am