Հայ համայնքի ղեկավարները Թուրքիայի ՆԳ նախարարի հետ կքննարկեն պատրիարքի ընտրության հարցը

Armenpress 16:54, 6 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայ համայնքի ղեկավարներին հրավիրել է հանդիպման, որը կկայանա փետրվարի 7-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնում է, որ հանդիպմանը հրավիրված է նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի փաստաբան և խոսնակ Սեբուհ Ասլանգիլը:

Ակնկալվում է, որ հանդիպմանը կմասնակցի Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Թեպետ չկան մանրամասներ ժողովին քննարկվելիք թեմաների վերաբերյալ, սակայն ենթադրվում է, որ խոսվելու է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ:

Պատրիարքական ընտրությունների անցկացման վերաբերյալ Նախաձեռնող խումբը դիմել էր ներքին գործերի նախարարությանը, որը, սակայն, սահմանված ժամկետում պատասխան չէր տվել: Դրանից հետո խումբը դիմել էր դատարան՝ դատական գործ հարուցելով նախարարության դեմ:

Նախաձեռնող խմբի այս որոշումը ներքին տարաձայնությունների պատճառ էր դարձել, ինչի արդյունքում խմբի 4 անդամ հրաժարական էր ներկայացրել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am