Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսին

Armenpress 13:43, 5 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 5-ին շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան քաջառողջություն և հաջողություններ նախագահի բարձր առաքելությունն իրականացնելու գործում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Հայաստանը մեծապես կարևորում է նույնական արժեքների և մեր ժողովուրդների փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված հայ-կիպրական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Դրան, անշուշտ, նպաստում են բարձր մակարդակի փոխայցելություններն ու ակտիվ քաղաքական երկխոսությունը, որ բարի ավանդույթ են մեր երկրների միջև: Վստահ եմ, որ կշարունակենք նույն ոգով աշխատել և առաջ մղել փոխշահավետ համագործակցությունը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am