Մայիսյան տոների առթիվ Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու ներկայացուցչական պատվիրակություն ԱԳ նախարարի գլխավորությամբ

Armenpress 14:33, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցուցահանդեսներ, դասախոսություններ, համերգներ, քննարկումներ. Հայաստանի առաջին Հանրապետության անկախության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ Ֆրանսիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ միջոցառումներն ընդգրկելու են Ֆրանսիայի տարբեր քաղաքները:

«Այս տարին նշանակալի է Հայաստանի համար, երկու կարևոր իրադարձությունների 100-ամյակն է: Շատ լավ առիթ է տեղեկատվական աշխատանք տանելու, որ միջազգային հանրությունն իրազեկ լինի մեր պատմության այդ կարևոր էջերի մասին, թե ինչպես հայ ժողովուրդը 1915 թվականի ցեղասպանությունից հետո կարողացավ 1918 թվականին ստեղծել պետականություն: Ես վստահ եմ, որ այդ տարիների մեր պատմության էջերի մասին Հայաստանում էլ շատ քաղաքացիներ անտեղյակ կլինեն, հետևաբար լավ առիթ է այն ներկայացնելու»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նա տեղեկացրեց, որ ակտիվ մասնակցելու են նաև նշված առիթներով Հայաստանում սպասվող միջոցառումներին: Մայիսի վերջին այդ առիթով Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բավական ներկայացուցչական պատվիրակություն` ԱԳ նախարարի գլխավորությամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am