ՀՀ մշակույթի նախարարը երկօրյա այցով մեկնում է Արցախի Հանրապետություն

Armenpress 11:42, 2 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը փետրվարի 3-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Արցախ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության մշակույթի , երիտասարդության հարցերի  և զբոսաշրջության նախարարության հետ հուշագիր կստորագրվի՝  պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին։

Փաստաթուղթը նախատեսում է ոլորտային փոխգործակցություն, համագործակցություն պատմամշակութային անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, վերականգնման, օգտագործման, հնագիտական հրատապ պեղումների, հուշարձանների կադաստրի վարման ոլորտներում և այլն։

Ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր։

Արցախի իր պաշտոնակից Սերգեյ Շահվերդյանի հետ Արմեն Ամիրյանը քննարկելու է նաև կոնկրետ հնարավորությունները՝ «Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի մի շարք միջոցառումներ նաև դեպի Արցախ ընդլայնելու համար (միջոցառումները Հայաստանում մեկնարկելու են 2018թ. գարնանը՝ շարունակվելով մինչև նոյեմբեր)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am