CAS-ը չեղարկել է 28 ռուս օլիմպիական մարզիկների ցմահ որակազրկումը

Armenpress 21:10, 1 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում գտնվող Մարզական վճռաբեկ դատարանը՝ CAS, բավարարել է 28 ռուսաստանցի օլիմպիական մարզիկների բողոքարկումը և չեղարկել է նրանց ցմահ որակազրկումը Օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպորտ-էքսպրես»-ը, դատական լսումները տեղի են ունեցել հունվարի 22–ից 27–ը։

Լեգկովի, Տրետյակովի, Կրյուկովի և Սոչի–2014–ի Օլիմպիական խաղերի մյուս ռուս մասնակիցների արդյունքները վերականգնվել են։ Նրանք իրավունք կունենան ապագայում մասնակցել Օլիմպիական խաղերի։ Նրանց կվերադարձվեն Սոչիի օլիմպիական մեդալները։

Միջազգային օլիմպիական կոմիտեն Վճռաբեկ դատարանի որոշման կապակցությամբ իր հիասթափությունն է հայտնել և հայտարարել, որ պատրաստվում է որոշումը վիճարկել Շվեյցարիայի Դաշնային դատարանում: Միաժամանակ, հայտնի է, որ CAS–ի որոշումը սպորտում համարվում է վերջնական և անբեկանելի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am