Հայաստանի ռուսական ռազմակայանում անցկացվել Է ակցիա՝ նվիրված Ստալինգրադի ճակատամարտում հաղթանակի 75-ամյակին

Armenpress 14:45, 31 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստալինգրադի ճակատամարտում խորհրդային բանակի կողմից գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման 75-ամյակի տոնակատարության նախաշեմին Հայաստանի ռուսական ռազմակայանում անցկացվել Է «1+1. հիշի՛ր, հպարտացի՛ր, փոխանցի՛ր Ստալինգրադի մասին հիշատակը» ակցիան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, ակցիայի շրջանակներում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների սպաների տներն ստացել են 300-ից ավելի պատմական գրքեր եւ շուրջ 100 տարբեր ֆիլմեր: Գյումրի եւ Երեւան քաղաքներում զորամասերի անձնակազմի հետ աշխատանքի բաժնի սպաների կողմից տարվա ընթացքում գեղարվեստական գրականություն Է հավաքվել պատերազմական տարիների թեմատիկայով, որում տեղ են գտել այն վեպերը, վիպակներն ու պատմվածքները, որոնց մոտիվներով նկարահանվել են գեղարվեստական ֆիլմեր:

Նախագծում ներգրավված են Ռուսաստանի պատմությանը նվիրված ստեղծագործություններ, անցյալի հերոսների մասին պատմող հրատարակություններ, գրքեր Առաջին համաշխարհային պատերազմի, Հայրենական մեծ պատերազմի, ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների մասին: Հատուկ տեղ են զբաղեցնում Ստալինգրադի ճակատամարտի պաշտպանների հիշատակին նվիրված հրատարակությունները: Նոր ֆիլմադարանում հայտնված ժապավենների թվում են՝ «Քաղաքը՝ կրակի մեջ», «Ալտան» ընդդեմ Ռայխի», «Կյանք եւ ճակատագիր», «Սատանայի թեւերը», «Ստալինգրադ» եւ այլ ֆիլմեր:

Այս տարվա փետրվարին բոլոր ռուսական զորամիավորման զինվորական ավաններում եւ դպրոցներում կանցկացվի նկարների ու գրքերի ցուցահանդես՝ նվիրված «Ստալինգրադում հաղթանակի 75-ամյակին», որտեղ կարող են այցելել զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ կկազմակերպվի Ստալինգրադի ճակատամարտի՝ Հայրենական մեծ պատերազմի գլխավոր բեկումնային ճակատամարտերից մեկի մասին ֆիլմերի ցուցադրություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am