Բնակչության պաշտպանության ոլորտում ընդլայնվում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Armenpress 14:33, 31 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Եվրոպական միության պատվիրակությանը՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստի շրջանակներում, որտեղ քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2017թ.-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ի և ԵՄ համապատասխան ենթակառուցվածքների միջև բնակչության պաշտպանության և պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի և ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ քննարկվեցին համագործակցության իրականացման ձևաչափերը՝ փորձի փոխանակման և դասընթացների միջոցով արտակարգ իրավիճակների համակարգի ինստիտուտցիոնալ կարողությունների զարգացումը և օրենսդրական բարեփոխումների իրականացումը:

ԵՄ կողմը հաստատեց, որ այս տարի մարտ ամսին նախատեսվող «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները:

Իր խոսքում նախարար Տոնոյանը շեշտեց, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են և ԵՄ կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք իրականացնելու ուղիների և գործիքակազմի կիրառման, ինչպես նաև՝ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am