ԱԺ հանձնաժողովը կքննարկի Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև միջադեպը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը

Armenpress 12:39, 29 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թ. հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծն ընդգրկված է հանձնաժողովի հունվարի 31-ին կայանալիք նիստի օրակարգում:

Միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը: Նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը և մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները: 2017թ. հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանը իր հերթին հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am