Գյումրիում տեղի ունեցավ զինվորական շքերթ

Armenpress 12:53, 28 Հունվար, 2018

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձի առթիվ Գյումրիում տեղի ունեցավ զինվորական շքերթ: Ցուրտ եղանակը նույնիսկ չխանգարեց Շիրակի կայազորի հակատանկային-հրետանային զորամասի զինվորներին ցուցադրելու այն հմտությունները, որ ձեռք են բերել ծառայության ընթացքում:

Հայոց մարտունակ բանակում ծառայելու հպարտություն նրանցից յուրաքանչյուրն ուներ. յուրաքանչյուր հայի համար է հայոց բանակն ազգային հպարտություն, որի ուժի ու մարտունակության շնորհիվ պահպանվում է խաղաղությունը:Հայոց բանակին տոնի առթիվ շնորհավորեցին նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն, ով տոնական միջոցառումներին մասնակցում էր որդու հետ, շնորհավորեց բոլորին` մեր երկրին մաղթելով առաջընթաց ու նորանոր հաջողություններ. «Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի ձևավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր բանակը մեր ազգի, պետության և մեր երեխաների գոյության ու ապագայի միակ գրավականն է: Մենք չենք ունեցել բանակ, չենք ունեցել նաև պետականություն, որպեսզի այդ դժնդակ օրերը ետ չգան, մենք պետք է ամեն գնով փայփայենք ու խնամենք, սիրենք ու պաշտենք մեր բանակը: Միշտ պետք է հիշենք, որ այն ազգը, որը չի պահում իր բանակը դատապարտված է պահելու թշնամու բանակը: Մենք պետք է խոնարհվենք բոլոր նրանց առջև, ում շնորհիվ արշալույսները մեզ մոտ խաղաղ են բացվում: Փառք հայոց բանակին»:«Հայաստանի անկախության օրվանից ի վեր, մեր երկրի ձեռքբերումներից մեկն ազգային բանակի կայացումն է, որի ակունքներում կանգնած են Արցախյան ազատագրական պայքարի տարիներին ձևավորված կամավորական ջոկատները, որոնք հետագայում դարձան Հայոց բանակի հիմնասյունը: Հայկական զինուժը մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանն է»,-շնորհավորելով զինվորներին ու ողջ հայ ազգին` նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:Տեղի ունեցան մարտական իրավիճակների ցուցադրություն ու մարզական խմբակների ցուցադրական ելույթներ: Հրապարակում բոլոր ցանկացողները հնարավորություն ստացան ծանոթանալու նաև զինտեխնիկայի որոշ տեսակների հետ ու օգտվելու զինվորական դաշտային խոհանոցից:Օրվա ընթացքում, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորները, այցելեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, մասնակցեցին Արցախյան հերոսամարտում ու ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների շիրիմներին պսակադրման և ծաղկեդրման արարողության:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am