Այս տարի Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինությանը պետական միջոցներից կհատկացվի շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ

Armenpress 10:15, 26 Հունվար, 2018

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական միջոցներից Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինությանն այս տարի նախատեսվում է հատկացնել շուրջ 1 միլիարդ 300 միլիոն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, նախատեսված 1 միլիարդ 300 միլիոն դրամի կեսից ավելին՝ շուրջ 850-900 միլիոն դրամը, ներդրվելու է Երեւան-Սեւան-Իջևան միջպետական նշանակության 5,8 կիլոմետր երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգմանը: Մնացած գումարներն ուղղվելու են հանրապետական կամ միջհամայնքային նշանակության ճանապարհների հիմնանորոգմանը:

«Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի հիմնանորոգումից բացի, կվերականգնվի Մարտունի-Վարդենիս ճանապարհի 32-րդ կիլոմետրի հատվածում առկա նստվածքը, Սեմյոնովկա համայնքի ճանապարհի վթարված հենապատը, մայրուղուց Ծովագյուղ եւ մայրուղուց Հայրավանքի եկեղեցի տանող ճանապարհները, կհիմնանորոգվեն Գանձակ-Ծաղկաշեն միջհամայնքային ճանապարհի եւ Կարճաղբյուրի թաղամասերն իրար կապող կամուրջները: Այս պահին կազմվում են թվարկված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն ապրիլ-մայիս ամիսներին: Չի բացառվում, որ տարվա ընթացքում ի հայտ գան նոր ներդրումներ ճանապարհաշինության մեջ, գտնվեն նոր միջոցներ, որոնք ուղղված լինեն միջպետական, հանրապետական կամ միջհամայնքային ու համայնքային նշանակության ճանապարհների նորոգմանը: Անշուշտ, մի շարք համայնքներում ճանապարհներ կասֆալտապատվեն տեղական բյուջեների միջոցներով»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2018 թվականի հունվարի վերջերի դրությամբ մնում է նորոգելու 13,5 կմ միջպետական, 25 կմ հանրապետական եւ 259 կմ մարզային նշանակության ճանապարհներ, ինչի համար մեզ ոչ միայն տարիներ են հարկավոր, այլ նաեւ՝ համապատասխան միջոցներ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am