Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում. Սերժ Սարգսյան

Armenpress 13:39, 24 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր երիտասարդությամբ և դինամիզմով մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հույս է ներշնչում: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է  L'Express պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե Մակրոնի հետ հանդիպումից ինքն ի՞նչ ակնկալիքներ ունի:  

«Անցել է 25 տարի այն բանից, երբ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի հետ, որոնք շարունակում են խորանալ: Մեր ժողովուրդները միմյանց հետ կապված են դարերով, բայց այդ կապը դարձել է ավելի ամուր վերջին տարիներին՝ տնտեսական, մշակութային, գիտական կրթական ոլորտներում: Մանկապարտեզից մինչև համալսարան մասնագիտական՝ ավագ դպրոցի միջոցով ֆրանսիական կրթությունը մեր երկրում բավականին ներկայացված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է ՀՀ նախագահը:

Սարգսյանը, միաժամանակ, հիշեցրել է, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: «Ֆրանսիան հանդիսանում է առանցքային գործընկեր ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրել է գլոբալ և  ընդլայնված շրջանակային համաձայնագիր, որը մեզ առաջարկում է նոր հնարավորություններ: Այդ համաձայնագրի արդյունքը կլինի Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականացումը»,- ասել է ՀՀ նախագահը:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am