Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ընդառաջ թվայնացվելու է «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը

Armenpress 16:37, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության շրջանակում մինչև մայիսի 28-ը կթվայնացվի Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի  22 –ին լրագրողների հետ հանդիմանն այս մասին ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը:

«Փորձելու ենք Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը» հատորյակը թվայնացնել և տարածել: Այն փաստավավերագրական առումով բավականին լավ գիրք է, ունի նաև գեղարվեստական մեծ արժեք»,-ասաց Մարտիրոսյանը:

Նախաձեռնության անդամները համացանցում փնտրել և չեն գտել գրքի թվայնացված տարբերակն ու որոշել են այդ գործն իրենք ստանձնել: Գործն արվում է  կամավորական սկզբունքով: «Կփորձենք մինչ մայիսի 28-ն ավարտին հասցնել»,-նշեց Մարտիրոսյանը:

«Անհայտ զինվորի հիշատակարանը» վեպում Հարություն Մկրտչյանը պատկերել է 1918-1920 թվականներին Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, խորհրդային կարգերի հաստատումը Հայաստանում։  Վեպի առաջին գիրքը վերջանում է Սարդարապատի նշանավոր ճակատամարտով, որտեղ հայկական 2-րդ դիվիզիան և կամավորները ջախջախեցին Երևանի վրա արշավող թուրքական կորպուսը և կոտորածից փրկեցին հայ ժողովրդին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am