Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է

Armenpress 11:53, 22 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որևէ պատճառ չի տեսնում, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացրած ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իրենց համար ընդունելի թեկնածու չլինի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենք արդեն մեկ անգամ ոչ պաշտոնական հանդիպում Արմեն Սարգսյանի հետ ունեցել են: «Բայց մենք նաև պաշտոնական հանդիպում ենք ունենալու պարոն Սարգսյանի հետ, որից հետո կներկայացնենք մեր կարծիքը, սակայն այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, որ նա մեզ համար ընդունելի թեկնածու չլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Վարդանյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ՀՀ նախագահի պաշտոնում հետաքրքիր թեկնածություն է առաջադրվել՝ իր մարդկային, մասնագիտական և պրոֆեսիոնալ որակների առումով: «Ես կցանկանայի նշել և կուզեի, որ դուք էլ նկատեիք, որ Հայաստանի քաղաքական էլիտայում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում, մարդկանց ներկայություն, ովքեր տարբերվում են իրենց հատկանիշներով»,- ասաց Վարդանյանը: 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Միացյալ Թագավարությունում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Արմեն Սարգսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել քաղաքական ուժերի, Արցախի ղեկավարության և Սփյուռքի կառույցների հետ հանդիպումներ ունենալու և որոշում կայացնելու համար:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am