Գյուղնախարարը Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության հարցերը

Armenpress 15:44, 19 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  եղել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում և հանդիպում է ունեցել  համալսարանի նախագահ Դր. Էրիկ Վոյլիթի  հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային մագիստրոսական ուսուցման շրջանակում համագործակցության ակտիվացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցերը:

 Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում Թրիսդորֆի գյուղատնտեսական կրթական հաստատությունների և Վայհենշտեֆանի-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համագործակցության հնարավորություններին: Կողմերը համակարծիք էին, որ գյուղատնտեսության ոլորտում հաջողության հասնելու համար առաջնային է երիտասարդ մասնագետների պատրաստումը:  

Գյուղատնտեսության նախարարը ծանոթացել է նաև Թրիսդորֆի տարածքի առանձին կրթական հաստատությունների գործունեությանը,  այդ թվում`  կրթական կենտրոնի կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին ու առանձնահատկություններին,  գյուղատնտեսների վերապատրաստման գործընթացին:

           



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am