Պուտինը կոչ Է արել արագացնել թվային տնտեսության զարգացումը ԵԱՏՄ-ի շրջանակներում

Armenpress 13:30, 18 Հունվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհրաժեշտ Է համարում արագացնել թվային տնտեսության զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է 2018 թվականի հունվարի 1-ից Միության բարձրագույն մարմիններում Ռուսաստանի կողմից նախագահության ստանձնման կապակցությամբ ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հղած ուղերձում: Փաստաթղթի տեքստը հրապարակված Է Կրեմլի կայքում:

«Անհրաժեշտ ենք համարում արագացնել Միության ընդհանուր «թվային օրակարգի» իրագործումը, փոխհամաձայնեցնել «ինտերնետ-տնտեսության» զարգացման, թվային առեւտրի վարման ընդհանուր կանոնների, տեղեկատվության փոխանակման եւ դրա պաշտպանության միասնական ստանդարտների ձեւավորման գործողությունները»,-նշվում Է Պուտինի ուղերձում:

Ռուսաստանի ղեկավարը կոչ Է արել բարձր տեխնոլոգիաներ ներդնել պետական կառավարման, արդյունաբերության մեջ, մաքսային կարգավորման համակարգերում եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ «գործարկել համատեղ մրցունակ, ինովացիոն եւ գիտատար արտադրություններ»:

Պուտինն անհրաժեշտ Է համարում ինտեգրացիոն նախաձեռնություններում ակտիվորեն ներգրավել գործարար շրջաններին՝ ինչպես խոշոր, այնպես Էլ փոքր ու միջին բիզնեսին, ինտեգրացիոն մեծ արդյունք ունեցող միջպետական նախագծերի ֆինանսավորման համար ավելի արդյունավետ օգտագործել Եվրասիական զարգացման բանկի եւ Կայունացման ու զարգացման եվրասիական հիմնադրամի ռեսուրսները:

Բացի այդ, ՌԴ նախագահի կարծիքով, ԵԱՏՄ-ի երկրների միջեւ կապերի խորացման համար լավ հնարավորություններ կան այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են ատոմային Էներգետիկան, վերականգնվող Էներգաաղբյուրները, բնապահպանությունը, բժշկությունը, տիեզերքը, զբոսաշրջությունը եւ սպորտը: ՌԴ-ն նաեւ առաջարկում Է ավելի մեծ ուշադրություն հատկացնել սոցիալ-հումանիտար համագործակցությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am