Թուրքական ոստիկանությունը գյուլենականների դեմ միաժամանակյա գործողություններ է իրականացրել երկրի 21 շրջաններում

Armenpress 18:15, 17 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգային ոստիկանության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ հետախուզական գործողություններ են իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հետախուզական գործողություններն իրականացվել են 21 շրջաններում, որոնց արդյունքում 84 կասկածյալից 45-ը ձերբակալվել են:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գյուլենականներին հարելու կամ նրանց հետ համագործակցելու մեջ կասկածվող անձանց բացահայտման և ձերբակալման ուղղությամբ գործողությունները շարունակվելու են:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am