Մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը. Շարմազանով

Armenpress 21:49, 11 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, Շարմազանովն ընդգծեց, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցն է, նշել է երեք սկզբունք, որտեղ բացի տարածքային ամբողջականության սկզբունքից կան նաև ինքնորոշման իրավունքի և  խաղաղ կարգավորման սկզբունքները:  Եթե տարածքային ամբողջականության սկզբունքով պետք է լուծվի, ապա ի՞նչ գործ ունի այստեղ  ինքնորոշման սկզբունքը: Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, Արցախի ժողովուրդը իր ճակատագիրը որոշել է,  և մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե միջազգային հանրությունը և Ադրբեջանը չեն ճանաչում Արցախի անկախության հանրաքվեն՝ Շարմազանովն հիշեցրեց, որ ժամանակին ԽՍՀՄ-ն էլ չէր ճանաչում Հայաստանի, Վրաստանի, Էստոնիայի և մյուս երկրների անկախության հանրաքվեները: «Հիմա ԽՍՀՄ-ը չկա, իսկ անկախ հանրապետությունները կան: Արցախն էլ մի օր համալրելու է ՄԱԿ-ի լիարժեք անդամների թիվը»,- ասաց նա:

Նա հավելեց, որ 2018թ. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միակ ակնկալիքը խաղաղ հանգուցալուծման հասնելն է՝ շեշտելով, որ Հայաստանի համար սկզբունքային երկու հարց կա՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը Հայաստանի սուրբ պարտականությունն է:

Շարմազանովը 2017թ. լուրջ առաջընթաց է համարում այն, որ հակամարտող կողմերին հաջողվել է խուսափել լայնամասշտաբ պատերազմից, իսկ շփման գծում զոհերի թիվը նվազել է. սակայն շեշտեց, որ հայկական կողմի ցանկությունն է հասնել լիակատար խաղաղության: Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ դրա համար Հայաստանը պետք է մի կողմից զարգացնի անվտանգության մակարդակը և հզորացնի բանակը, մյուս կողմից զարգացնի տնտեսությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am