Տոնական օրերին «Շտապ բուժօգնությունը» ստացել է 6582 կանչ

Armenpress 14:31, 9 Հունվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին «Շտապ բուժօգնության» կանչերի թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 466-ով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Ամանորյա օրերին` դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը, կատարվել է շտապ օգնության 6582 կանչ: Այս տարվա կանչերի ցուցանիշը 466-ով ավելի շատ է եղել, քան նախորդ տարում: Կանչերի ավելացումը սուր շնչառական հիվանդությունների առկայության հետևանք է»,-ասաց Ստեփանյանն ու հավելեց, որ հիվանդանոց է տեղափոխվել 1208 հիվանդ՝ 18-ով ավելի քիչ, քան նախորդ տարի:

Տոնական օրերին կանչերը հիմնականում եղել են սրտանոթային, սուր շնչառական հիվանդությունների և վնասվածքների համար: Գրանցվել են սննդային թունավորման քիչ դեպքեր՝ 8 դեպք, որից 4-ը եղել է ալկոհոլի չարաշահման պատճառ: Վերջին տարիներին սննդային թունավորման քիչ դեպքեր են լինում,-նշեց Ստեփանյանը:

Մանկական կանչերի դեպքում հիմնականում եղել են սուր շնչառական հիվանդություններ: Մանկական կանչերի թիվը տոնական օրերին եղել է 636` նախորդ տարվա 477-ի համեմատ: Այս տարի հոսպիտալացվել է 189 երեխա, ինչը 44-ով ավելի է, քան նախորդ տարի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am