ՀՀԿ-ն դրական է գնահատում անցնող քաղաքական տարին

Armenpress 21:15, 28 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընդհանուր առմամբ դրական է գնահատում անցնող քաղաքական տարին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Նախ մենք անցկացրեցինք շատ դրական խորհրդարանական ընտրություններ, որոնք ստացան միջազգային կազմակերպությունների և միջազգային դիտորդական առաքելությունների բացարձակ դրական վերաբերմունքը: Ավելին՝ մենք ունենք կայուն քաղաքական վիճակ, որն ամենաանհրաժեշտ գործոններից մեկն է թե  տնտեսական աչի, թե առհասարակ զարգացման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ  Հայաստանի Հանրապետությունը գնում է հստակ ժողովրդավարացման ճանապարհով: «Դրա մասին է վկայում նոյեմբերի 24-ին Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև մենք կարողացանք լուրջ քայլեր ձեռնարկել մեր անվտանգության ապահովման, բանակի պաշտպանունակության բարձրացման, արտաքին մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Կարողացանք որոշակի դրական տեղաշարժեր ապահովել թե արցախյան հիմնախնդրի, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»,- նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am