Խնկո-Ապոր գրադարանը արգասաբեր տարի է ունեցել

Armenpress 12:30, 28 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այս տարի ավանդական դարձած մի շարք հետաքրքիր միջոցառումներ են անցկացվել` «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ»,  «Ազգային գրադարանային շաբաթ», «Գիրք նվիրելու օր» և այլ:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:

«Այս տարին բավականին հաջող էր, այցելուների պակաս բնավ չկար: Անդրադարձել ենք մանկագիրների հոբելյաններին, անցկացվել են տարբեր հանդիպումներ գրողների և երեխաների միջև,  հեքիաթապատումներ»,-նշեց տնօրենը:

Նա կարևորեց նաև «Կարդում են համալսարանականները» խորագրով ծրագիրը, որի շրջանակում երեխաների համար հեքիաթներ են ընթերցել «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և այլք:

Այս տարի գրադարանում առաջին անգամ կազմակերպվել է նաև ամառային դպրոց:

«Երեխաները օրվա մեծ մասը գրադարանում էին անցկացնում, բավականին հագեցած ու հետաքրքիր օր էր իրենց համար, մասնակցում էին տարբեր վարպետության դասերի, ստեղծագործական մրցույթների, այցելում մշակութային կենտրոններ և այլն»,-պատմեց Տոնոյանը:

Գրադարանում գործում են չինական և պարսկական անկյուններ: Ժամանակ առ ժամանակ այդ սրահներում անդրադառնում են այդ երկրների մշակույթին:

Գալիք տարին գրադարանի համար հոբելյանական է: Այն կտոնի իր 85-ամյակը: Այդ կապակցությամբ գեղեցիկ և հիշարժան միջոցառումներ կանցկացվեն:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am