Հայտնի են Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի բոլոր հաղթողները  

Armenpress 09:25, 27 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ ԽՍՀՄ չեմպիոն, երիտասարդների Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, «Բարի կամքի» խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի գավաթակիր, ազատ ոճային ըմբիշ Գնել Մեջլումյանի անվան 12-րդ հուշամրցաշարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցեց գրեթե 100 ըմբիշ: Այս տարի այն անցկացվեց մեծահասակների համար: Ըմբիշները ուժերը չափեցին ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հաստատած նոր քաշային կարգերում: 57 կգ քաշային կարգում միմյանց դեմ ելան Ռազմիկ Պապիկյանն ու կրկին գորգ վերադարձած Միհրան Ջաբուրյանը: Փորձառու Ջաբուրյանն ուժեղ գտնվեց մրցակցից: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանն առավելության հասավ Արսեն Հարությունյանի նկատմամբ: Իրենց քաշային կարգերում բոլորից ուժեղ էին Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Վոլոդյա Ֆրանգուլյանն ու Գրիգոր Գրիգորյանը: Մրցաշարի հաղթողներ դարձան նաև Վալտեր Մարգարյանը, Վարուժան Կաջոյանը, Մարզպետ Գալստյանը, Շամիր Աթյանը, Սարգիս Հովսեփյանն ու Անդրանիկ Գալստյանը:

Հավաքականը 2018-ի հունվարին առաջին հավաքն է անցկացնելու ու պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am