«Շիրակ» օդանավակայանում 840 մլն ՀՀ դրամ ներդրումներ են կատարվել

Armenpress 16:11, 26 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Շիրակ» օդանավակայանում 2017 թվականին 840 մլն ՀՀ դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր է կնքվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«2017  թվականին ենթակառուցվածքային բարեփոխումներ և ներդրումներ են իրականացվել։  «Շիրակ» օդանավակայանի արդիականացման համար մոտ 840 մլն դրամ ներդրումային աշխատանքների պայմանագիր է կնքվել կապալառու կազմակերպությունների հետ։ Որոշ չափով իրականացվել են աշխատանքներ՝ տեղադրվել են տերմինալային շենքի ապակիները, ջեռուցման համակարգը, հրշեջ մեքենաների համար կայանատեղի և այլն»,- նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ 2018 թվականին «Շիրակ»-ում նախատեսվում է ուղևորահոսքի աճ գրանցել, ինչպես նաև պլանավորվում է մեկնման և ժամանման սրահների մեծացման և ընդլայնման շինարարական աշխատանքներ իրականացնել։ ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի կարծիքով՝ ներկայիս չափսերը չեն բավարարի հաջորդ տարվա պլանավորված ուղևորահոսքի աճին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am