«Արմենիա» ավիաընկերությունը 2018-ի ապրիլից կանոնավոր թռիչքներ կիրականացնի դեպի Լիոն և Քյոլն

Armenpress 15:17, 26 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը հաջորդ տարվա ապրիլից կիրականացնի կանոնավոր չվերթներ եվրոպական երկու ուղղություններով:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այդ նպատակով ծրագրում են ձեռք բերել Embraer 190 ուղևորատար ինքնաթիռ, որի տեղափոխման շուրջ ներկայում բանակցություններ են վարում: «Այդ ինքնաթիռը 2009 թվականի է, բավականին լավ վիճակում է: Երբ այն Հայաստան հասնի, մենք կսկսենք իրականացնել ուղիղ չվերթներ դեպի Եվրոպա: Ապրիլի 19-ին նախատեսվում է առաջին թռիչքը Լիոն, ապրիլի 23-ին` Քյոլն»,-ասաց ավիաընկերության ղեկավարը:

Ռոբերտ Հովհաննիսյանի խոսքով` և՛ Լիոնի, և՛ Քյոլնի օդանավակայաններից ստացել են զեղչեր չվերթներն իրականացնելու համար: «Լիոնի և Քյոլնի օդանավակայանների հետ բանակցություններից հետո մենք երեք տարով ստացանք 50 տոկոսով զեղչ օդանավակայանի ծառայություններից օգտվելու համար: «Զվարթնոցը» ևս պատրաստ է զեղչերի, նրանք երկու ձեռքով կողմ են, որ դեպի Եվրոպա կանոնավոր չվերթներ բացվեն: Դա մեզ հնարավորություն կտա մրցակցությանը դիմանալ, քանի որ տարանցիկով տոմսերն ավելի էժան են, բայց ուղիղ չվերթը մնում է ուղիղ չվերթ»,-նշեց բանախոսը:

Քյոլնի օդանավակայանը համաձայնել է անգամ 70 տոկոս զեղչ տրամադրել, եթե ավիաընկերությունը չվերթները չհետաձգի:

 «Սրանք այն ուղղություններն են, որտեղից մենք ակնկալում ենք զբոսաշրջիկներ, այդ թվում` հայերի, ովքեր ապրում են Ֆրանսիայում, Գերմանիայում: Մենք նպատակ ունենք այնտեղից բերել նաև տուրօպերատորներ, ինչպես՝ Իսրայելի դեպքում»,-նշեց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենը: Նա հավելեց, որ ամեն ինչ ծրագրվածի պես ընթանալու դեպքում շաբաթական երկանգամյա հաճախականությամբ թռիչքներ կիրականցնեն և՛ ամռանը, և՛ ձմռանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am