Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակված Էրդողանի կողմնակիցներից երկուսը դատարանում ընդունել են մեղքը

Armenpress 10:18, 22 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ խաղաղ ցուցարարների վրա հարձակված երկու թուրք ընդունել են իրենց մեղքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ամերկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը:

Վիրջինիայում բնակվող 45-ամյա Սինան Նարինը և Նյու Ջերսիում բնակվող 50-ամյա Էյուփ Յըլդըրըմը Կոլումբիայի դատարանում ընդունել են «ծանր վնասվածքների պատճառ դարձած հարձակում գործելու» մեղադրանքը:

Դատախազը նրանց համար պահանջել է մեկ տարի և մեկ օր ազատազրկում:

Նշենք, որ սեպտեմբերին Միացյալ Նահանգներ կատարած այցելության ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն բանտում հանդիպել էր Սինան Նարինին և Նյու Էյուփ Յըլդըրըմին:

Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 16-ին կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները մի խումբ թուրք ազգայնամոլների կատաղի հարձակման թիրախ էին դարձել: Մի քանի վիրավորներ արնաշաղախ հիվանդանոց էին տեղափոխվել: Հայտնի է, որ հարձակումն իրականացրածների շարքում են եղել նաև Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ավելի ուշ հայտնված տեսանյութում երևում էր, թե ինչպես է հենց Էրդողանը տալիս ցուցարարների վրա հարձակվելու հրահանգը:

Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը և ոստիկանապետ Փիթեր Նյուշեմը հունիսի 15-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակից խմբի 12 անդամի ձերբակալության հրաման է տրվել:

Հարձակմանը մասնակից ԱՄՆ երկու թուրք քաղաքացի ձերբակալված էին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին միաձայն ընդունել էր թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևին կողմ է քվեարկել 397 ներկայացուցիչ:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am