Կստեղծվի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն

Armenpress 21:02, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանին, «ՄՏՍ Հայաստան» ընկերության փոխտնօրեն Թովմաս Մազեջեանին (Լիբանան),  «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Մասարաջյանին (Սիրիա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ ոլորտի մասնագիտական ընկերակցություն և ցանց ստեղծելու կարևորությանը, դրա նշանակությանն, ինչպես նաև ՏՏ ոլորտի համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն ստեղծելու առաջարկին ներկաները տվեցին նախնական համաձայնություն: Համահայկական մասնագիտական նախաձեռնություններ ստեղծելու հարցով Սփյուռքի նախարարությունն արդեն հանդես է եկել: Ստեղծվել և գործում են  ճարտարապետների, իրավաբանների, բժիշկների ընկերակցություններ և այլն: «Մենք արդեն 104 մասնագիտական հավաքներ ենք կազմակերպել, որոնց նպատակն է համահայկական ցանց ստեղծելը»,- նշեց նախարարը: Համաձայնություն  ձեռք բերվեց համատեղ հայտարարություն-կոչ տարածել, որով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կհորդորեն վերադառնալ Հայրենիք և աշխատել Հայաստանում:

Հաջորդ քայլով նախատեսվում է ստեղծել ՏՀՏ մասնագետների խմբեր տարբեր երկրներում` հետագայում նրանց հավաքը Հայրենիքում կազմակերպելու նպատակով: Նախարարը ներկայացրեց մի քանի առաջնահերթություններ, որոնք կնպաստեն ՏՀՏ ոլորտի մասնագետների ցանցի ստեղծմանը, կրթության զարգացմանը, մասնագիտական հայրենադարձության կազմակերպմանը և այլն:

Քննարկման մասնակիցները ողջունեցին այդ առաջարկը` ընդգծելով, որ նման ձեռնարկը կակտիվացնի ՏՀՏ ոլորտի Սփյուռք-Սփյուռք և Հայրենիք-Սփյուռք մասնագիտական կապերը: Ընկերակցության հիմնադիր խումբը ՏՀՏ մասնագետների մեկտեղումը կհանգեցնի պաշպանության և կիբեռանվտանգության ամրապնդմանը, քանի որ մասնագետները իրենց գիտելիքները կներդնեն հայրենիքի ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am