ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը նախանշել է 2018թ.-ի հիմնական աշխատանքները

Armenpress 20:08, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 15-ին կայացել է քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերի շուրջ սեմինար-պարապմունք, որին մասնակցում էին Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ներկայացուցիչները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութան պաշտոնական կայքից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության կողմից մշակված քաղաքացիական պաշտպանության կառավարման համակարգին առնչվող հարցերը, ինչպես նաև՝ 2017 թ.-ի ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Սեմինար-պարապմունքը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ թեմաները.

2018թ.-ի ՔՊ միջոցառումների պլանավորումն ու կազմակերպումը, Բնակչության տարհանման և պատսպարման խնդիրները, ՔՊ հարցերով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման կազմակերպումը, Տնտեսության օբյեկտների կայուն գործունեության հիմունքները:

Ամփոփելով ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունները՝ ներկաները նախանշեցին դրանց շտկման ուղղությամբ տարվող հիմնական աշխատանքները:

2018 թ.-ին նախատեսվող միջոցառումների թվում են նաև ուսումնական վարժանքները, որոնք նպատակ ունեն զարգացնել կառավարման մարմինների և բնակչության պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am