Կվիրիկաշվիլին գոհունակություն է հայտնել հայ-վրացական հարաբերություններում գրանցած առաջընթացի առթիվ

Armenpress 17:27, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Վարչապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, նրան մաղթեց արգասաբեր աշխատանք՝ միաժամանակ հայտնելով, որ ՀՀ դեսպանն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես կզգա վրացական իշխանությունների աջակցությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին, խոսելով երկկողմ հարաբերությունների մասին, ընդգծեց հայ-վրացական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջև առկա է փոխշահավետ համագործակցության մեծ հեռանկարներ: Այդ համատեքստում վարչապետը գոհունակությամբ նշեց վերջին ժամանակաշրջանում գրանցած առաջընթացը:  Նա ընդգծեց, որ չի մտաբերում որևէ ժամանակաշրջան, երբ Վրաստանի և Հայաստանի հարաբերություններն այսաստիճան բարձր մակարդակի վրա լինեին: Վարչապետը նաև կարևորեց երկու երկրների ղեկավարությունների միջև ձևավորված անձնական ջերմ հարաբերությունները, ինչը մեծապես նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը: Իր հերթին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ մտադիր է երկու երկրների բարեկամական հարաբերությունների առավել խորացման ուղղությամբ մեծ ջանքեր գործադրել: Կողմերը համակարծիք էին, որ առաջիկայում սպասվող երկկողմ բարձրաստիճան այցելություններն էլ ավելի կամրապնդեն երկու բարեկամ երկրների փոխհարաբերությունները: Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց վրացական իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am