Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում

Armenpress 14:52, 15 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը մեծ փոփոխությունների հիմքեր չի տալիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասով այս տարի լուրջ տեղաշարժեր չեղան: Ադրբեջանը ջանքեր չի գործադրում կատարելու Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս առումով  չեմ կարծում, որ առաջիկա տարում մեծ փոփոխություններ կլինեն, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը փոխվելու ակնկալիքի որևէ հիմք չի տալիս, և նրա ոչ կառուցողական քաղաքականությունը կշարունակվի»,- նշեց Մանոյանը:

Ըստ Մանոյանի` առաջիկա տարում Հայաստանը պետք է ավելի ակտիվացնի միջազգային հարթակում Արցախի անկախության ճանաչման աշխատանքները:

Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմի վերսկսմանը, Մանոյանը դա քիչ հավանական է համարում:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը սառած է, սակայն ինչ-որ բանակցություններ տեղի են ունենում, ինչը  որոշ  չափով երաշխիք է, որ լայնամասշտաբ պատերազմ  չի վերսկսվի»,- նշեց Մանոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am