Երևանի քաղաքապետը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ պարգևատրել է միության մի շարք անդամների

Armenpress 19:42, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի առթիվ հյուրընկալել է Միության մի շարք անդամների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով արվեստագետներին Միության հոբելյանի առթիվ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է նրանց ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի և երաժշտարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Երվանդ Երկանյանին, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Չաուշյանին, արվեստագիտության դոկտոր-պրոֆեսոր Իրինա Զոլոտովային և  կոմպոզիտոր Զոհրապ Փարեմուզյանին: 

Երևան քաղաքի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, անձնվեր և արդյունավետ գործունեության համար Հայաստանի կոմպոզիտորների միության «Երիտասարդական» հանձնաժողովի նախագահ, կոմպոզիտոր Աշոտ Ղազարյանը և  «Մանկական և երգչախմբային» մասնաճյուղի ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Բաբաթորոսյանն էլ պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am