Հայաստանի մարզերում տեքստիլի ոլորտում կստեղծվի 500 նոր աշխատատեղ

Armenpress 12:40, 14 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշել է պետգույքի կառավարման վարչության տնօրինության ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Տուֆագործների փողոցում գտնվող անշարժ գույքը, մասնավորապես դպրոցի շենքը, անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-արմ-ինվեստ» ՍՊԸ-ին:

ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը գործունեություն է ծավալում կարի արտադրության ոլորտում: «Ընկերության նպատակն է Հայաստանի տարբեր քաղաքներում և սահմանամերձ տարածքներում ստեղծել նոր աշխատատեղեր, ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան սարքավորումների միջոցով կազմակերպել հայրենական մրցունակ, տարբեր տեսակի հագուստի արտադրություն և արտահանել Ռուսաստան և եվրոպական երկրներ:  Ընկերությունը պարտավորվել է նաև երեք տարում կատարել 1 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որը կուղղվի անշարժ գույքի վերանորոգման և արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերմանը, ինչպես նաև ստեղծել 500 աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սահակյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am