Սպասվող լրահոս. 14.12.2017

Armenpress 09:20, 14 Դեկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 
«Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 
Կառավարությունը նախաձեռնել է փոփոխություններ ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնցով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօր` դեկտեմբերի 14-ին, կայանալիք նիստի օրակարգում: Օրենքում փոփոխություններն ընդունվելուց հետո, դրանք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից:ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ ՀՀ սփյուռքի նախարարի, Կիպրոսի նախագահի հումանիտար և արտերկրյա հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի և Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Տերենս-Նիկոլաոս Քուիքի գլխավորած պատվիրակությունների միջև: Կքննարկվեն հետագա համագործակցության հարցեր:Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նա կանդրադառնա Սիրիայից ռուսական զինվորականների խմբերի դուրս բերմանը, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը միջազգային դերակատարների, արաբական երկրների արձագանքին, ինչպես նաև Էրդողանի կողմից Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը:ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների շրջանակում կկայանա Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը:ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրավիրում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահ՝ հանդիսավոր ընդունելության։ Առիթը՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղ.ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելն է։ Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում: Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում։ Միջոցառմանը հրավիրված են «Գրեմմի»-ի թեկնածուներ Մանսուրյանը և Օրբելյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, արվետագետներ և քաղաքական գործիչներ:Հայաստանի կինեմատոգրաֆիստ ների միությունում տեղի կունենա հայկական կինոթանգարանի առաջին խորհրդանշական նմուշների հանձնման արարողությանը նվիրված մամուլի ասուլիս: Միության նախագահ Հարություն Խաչատրյանը կներկայացնի մանրամասներ, կցուցադրվեն հայկական կինոյում օգտագործված բացառիկ իրեր, հայկական լեգենդար կինոֆիլմերի ստեղծմանը «մասնակցած» կինոնկարահանող տեխնիկա, արխիվային եզակի նյութեր և այլն:Պրեմիերա` «Գոյ» թատրոնում: Թատերասեր հասարակությանը կներկայացվի ամերիկահայ հռչակավոր գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսը, որի բեմադրությունը նախաձեռնել է «Գոյ» թատրոնը՝ ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ ֆուտբոլի ռուսաստանցի հայտնի  մեկնաբան, «Հենրիխ 22-րդ» ֆիլմի հեղինակ Նոբել Առուստամյանի մասնակցությամբ։ Նա կանդրադառնա Հենրիխ Մխիթարյանի շուրջ ծավալվող զարգացումներին:Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am