Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասին

Armenpress 11:29, 13 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով դեկտեմբերի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Աթենք, առանձնազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոձիասի հետ։

Հանդիպումից հետո՝ նախարար Կոձիասի ուղեկցությամբ՝ Հունաստանի ԱԳՆ համաժողովների սրահում Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության, հրատապ միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումների մասին ծավալուն ելույթով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանի դասախոսությանը ներկա էին Հունաստանի արտգործնախարարության ղեկավար անձնակազմը, Աթենքում հավատարմագրված դեսպաններ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ։

Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ հայ և հույն ժողովուրդների բազմադարյա հարաբերություններին, Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտկան հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումներին։

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լույսի ներքո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությղան ղեկավարը ներկայացրեց Հայաստան - Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում Հայաստանի առաջնորդող դերակատարությանը։

ՀՀ արտգործնախարարի ելույթում կարևոր տեղ էր հատկացված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին, հանգուցալուծման գործընթացի վերջին զարգացումներին։

Ելույթից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների հարցերին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am