«Ծառուկյան» խմբակցության օրակարգում վարչապետի թեկնածու ներկայացնելու հարց չկա

Armenpress 16:13, 12 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե «Ելք» խմբակցության հետ քննարկումներ են անցկացնում 2018թ. ՀՀ վարչապետի միասնական թեկնածու ներկայացնելու հարցով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Իվետա Տոնոյանը նշեց, որ նման բանակցություններ և գործընթաց այս պահին չկա:

«Օրեր առաջ առիթ եղել է ասելու, որ վարչապետի թեկնածության հետ կապված հարց «Ծառուկյան» խմբակցության օրակարգում այս պահին չկա: Երբ կլինեն քննարկումներ, երբ այդ հարցի հետ կապված նոր ասելիք կլինի, մենք լրագրողներին, մեր հանրությանն ու գործընկերներին կտեղեկացնենք այդ մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Հարցին՝ խմբակցությունը դեռևս չի՞ որոշել, թե ում թեկնածությունն են առաջադրելու վարչապետի պաշտոնում, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Որևէ քննարկում այդ թեմայով այս պահի դրությամբ «Ծառուկյան» խմբակցությունում այս պահին չկա»:

Նա հավելեց, որ երբ կգա ժամանակը, կհասունանա պահը, կլինեն քննարկումներ և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կկայացվի համապատասխան որոշում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am