Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նոր համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների ծավալի աճի համար. դեսպան

Armenpress 13:11, 11 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունները մոտ ժամանակներում կստորագրեն ներդրումների վերաբերյալ համաձայնագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին: Նրա խոսքով՝ համաձայնագիրն ինքնին խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ ներդրումների ծավալի ավելացման համար:

«Այս համաձայնագիրը ոչ թե հստակ սահմանում է, թե որ ոլորտներում են ներդրումներ լինելու, այլ ընդհանուր ընթացակարգ է հետագայի համար,  որ Ճապոնիայի ներդրողները իմանան եւ վստահ լինեն, որ ամեն ինչ կարգավորվում է  օրենսդրությամբ: Այն պարտադիր է ցանկացած երկրի հետ համագործակցության ժամանակ, երբ  Ճապոնիան պետք է ներդրումներ կատարի: Հենց այս համաձայնագիրը հիմք է դրա համար»,-ասաց դեսպանը՝ ընդգծելով, որ ներդրումների համար հետաքրքրության ոլորտներ կլինեն նորարարական տեխնոլոգիաները,  զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը:

Նրա կարծիքով՝ միայն տնտեսական հարաբերությունների զարգացումը բավարար չէ երկու երկրների փոխհարաբերությունների եւ գործընկերության համար, կան նաեւ այլ ոլորտներ, որոնք պետք է զարգացվեն:

«Հայտնի է, որ Ճապոնիան մեքենաներ, սարքավորումներ, ծանր արդյունաբերական տեխնիկա է ներկրում Հայաստան, եւ լավ կլինի, որ հետագայում հնարավորություն տրվի, որպեսզի Ճապոնիան Հայաստան ներկրի նաեւ բժշկական սարքավորումներ: Կարծում եմ՝ դա հնարավոր կլինի, եւ կհետաքրքրի հայաստանյան շուկային: Ինչ վերաբերում է Հայաստանից արտահանմանը՝ կարծում եմ, Ճապոնիային կհետաքրքրեն հայկական գինին, մեղրը, նաեւ մրգաչրերը»,- ասաց Էյջի Տագուչին եւ հավելեց, որ 2018 թվականին կկայանա ամենամյա սննդամթերքի «Էքսպո»-ն, որի շրջանակում կներկայացվեն հայկական գինին, կոնյակը եւ այլ ապրանքատեսակներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am