Սպասվող լրահոս. 11.12.2017
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:
Մատենադարանում կկայանա Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն համընկնում է Մարդու իրավունքների օրվա հետ: Կազմակերպիչներն են՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Եվրախորհրդի երևանյան գրասենյակը, ՀՀ-ում ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի ու Ֆրանսիայի դեսպանատները: Միջոցառմանը ներկա կլինեն նշված կառույցների ղեկավարները, ովքեր էլ կհանձնեն մրցանակներ համապատասխան անվանակարգերում շահողներին։
Մամուլի ասուլիսով հանդես կգա ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչին: Նա կներկայացնի հայ-ճապոնական հարաբերությունները, համագործակցության նոր հեռանկարներն ու հնարավորությունները:
Լրագրողների հետ կհանդիպի Նաիրիտ գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանը: Նա կխոսի նաիրիտցիների կողմից վերջերս կազմակերպվող ցույցերի մասին, կանդրադառնա Նաիրիտի խնդիրներին ու առաջիկա անելիքներին:
Դադիվանքում հայտնաբերված գաղտնարանի մասին մանրամասներ կհաղորդի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Գաղտնարանը հայտնաբերվել է Դադիվանքի վանական համալիրի փոքր գմբեթով եկեղեցու հիմքի ուսումնասիրման ժամանակ: Համլետ Պետրոսյանը կխոսի նաև առաջիկա ծրագրերի մասին:
Այսօր տեղի կունենա Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգը, որն ուղիղ եթերում կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Խաչատրյանի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։
«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վրեժ և Տարոն Պետրոսյանների «Պոեմ միայնակ գայլի մասին» գեղարվեստա-վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Մեկնարկում է դահուկային սպորտի մրցաշրջանը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը կներկայացնի մրցաշրջանի մանրամասները: Նախատեսված է նաև համագործակցության հուշագրի կնքում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի պարալիմիկ կոմիտեի միջև: Ներկա կլինի Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում: