Կոնգրեսականն ակնկալում է ԱՄՆ աջակցությունը Մերձավոր Արևելքից փախստականների ընդունած Հայաստանին

Armenpress 15:00, 7 Դեկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսը կարծում է`Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականների Մերձավոր Արևելքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ամերիկայի ձայնի թղթակցին ասել է կոնգրեսականը: «Կարծում եմ`մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթևան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը ևս կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»,-ասել է Գաս Բիլիրակիսը:

Նա նշել է, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից բազմաթիվ քրիստոնյաներ ընդունած Հայաստանը ևս կարող է ակնկալել օգնություն փախստականներին աջակցելու համար: «Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ, ուրախ կլինեմ աշխատել նրանց հետ այս հարցում»,-ավելացրել է նա:

Հանրապետական կոնգրեսականը Վաշինգտոնում կայացած կրոնական ազատության թեմայով համաժողովի ընթացքում ընդգծել է Կոնգրեսի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Լրագրողի հետ զրույցում նա ասել է, որ պատրաստվում է քննարկել այդ հարցը հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականների հետ: «Կարծում եմ բանաձևը կարող է ընդունվել, մենք այն կքննարկենք մեր առաջնորդների հետ, սկզբում արտաքին հարաբերությունների հանձնաժողով պետք է մտնի հարցը, որտեղ ընդունվելուց հետո, մենք Հայոց ցեղասպանության բանաձևը ներկայացուցիչների պալատի մեծ օրակարգ կմտցնենք: Այս հարցը պետք է մեկընդմիշտ ընդունել»,-շեշտել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am