Առաջարկվում է Վարչական վերաքննիչ դատարանում ավելացնել դատավորների քանակը
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստի շրջանակում քննարկման դրվեց առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ փաթեթն ուղղված է բեռնաթափելու Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը:
«Խոսքը, մասնավորապես, Վարչական վերաքննիչ դատարանում մեկ լրակազմ ավելացնելու, այսինքն՝ եւս երեք դատավորի հաստիք ունենալու մասին է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
ԱԺ «Ելք» պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ շատ կարեւոր է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների քանակը, սակայն ոչ առաջին ատյանի դատարանի դատավորների հաշվին:
«Չափազանց կարեւոր է դատավորների քանակը յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվարկով, եւ եթե դրանց քանակը պակաս է լինում, տուժում են արդար դատավարության մի շարք բաղադրատարրեր, օրինակ՝ ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքի բաղադրատարրը: Անկախ նրանից շահել է, թե պարտվել, եթե արդարադատությունը ուշացված է, դա համարվում է մերժված արդարադատություն»,-ասաց Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ հարկավոր էր ընդամենը տարեկան 64 մլն դրամ առաջին ատյանի դատարանի դատավորների քանակը չպակասեցնելու եւ ավելացնելու վերաքննիչ դատարանների դատավորների քանակը: