Գեղարքունիքում հարգեցին Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը

Armenpress 12:23, 7 Դեկտեմբեր, 2017

ԳԱՎԱՌ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմը, մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի, քաղաքի կրթամշակութային հաստատությունների, իրավապահ համակարգի, զինկոմիսարիատի, պետական այլ հիմնարկների աշխատակիցները, անհատ քաղաքացիներ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Մեծ երկրաշարժի զոհերի հուշաքարին: Պսակադրումից հետո քաղաքացիները Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մոմավառությամբ ու աղոթքով հարգեցին Հայաստանյան մեծ երկրաշարժի տասնյակ հազարավոր անմեղ զոհերի հիշատակը: Հոգեհանգստյան պաշտոն կատարեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը: «Հանգստություն ու խաղաղություն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի բոլոր անմեղ զոհերի հոգիներին: Թող մեր հայրենիքն այլեւս զերծ մնա նման արհավիրքներից»,-հոգեհանգստյան պաշտոնի ավարտին նշեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ Մեծ երկրաշարժի զոհերի հիշատակը պսակադրությամբ կամ այլ միջոցառումներով հարգել են նաեւ մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, կրթական ու մշակութային հաստատություններում, այլ կազմակերպություններում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am