Խոշոր և միջին 584 հարկատու շուրջ 50 տոկոսով ավելացրել է հարկային վճարումները

Armenpress 17:27, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հարկային եկամուտներն ընթացիկ տարվա տասն ամիսներին աճել են տնտեսության 57 ոլորտում, մասնավորապես, հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ճյուղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը՝ նշելով, որ աճը 53.6 միլիարդ դրամի չափով է կամ 18,6 տոկոսով: «Կատարված վերլուծությամբ պարզ է դարձել, որ 584 հարկ խոշոր և միջին հարկ վճարողների մոտ 93 միլիարդով հարկերի աճ է արձանագրվել և վերջիններիս հարկային եկամուտների աճը կազմում է 48,6 տոկոս»,-ասաց պաշտոնյան: Արմեն Սաֆարյանը հայտնեց, որ հարկային մուտքերի աճ ապահոված ճյուղերի  կողքին կան նաև ոլորտներ, որտեղ հարկային եկամուտների նվազում է արձանագրվել: Մասնավորապես, անկումը կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության ոլորտներում է: «Հարկային եկամուտների 56 միլիարդ դրամ ընդհանուր գումարով նվազում է արձանագրվել 502 հարկ վճարողների մոտ»,-հավելեց Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը: Նա նկատեց, որ հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազմամբ և գերավճարների հաշվին պարտավորությունների մարմամբ:

Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչությունում հաշվառված է 1088 խոշոր ու միջին հարկ վճարող` 500 միլիոն դրամ ու ավելի շրջանառության շեմով: 2017 թվականի հունվար-հոկտեմբերին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն աճել են շուրջ 37 միլիարդ դրամով կամ 9.2 տոկոսով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am