Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես է եկել Գերմանիայի Յենա քաղաքում

Armenpress 11:42, 29 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԴՀ Թյուրինգիա երկրամասի Յենա քաղաքի ֆիլհարմոնիկ սրահում նոյեմբերի 25-ին միացյալ համերգով հանդես եկան Յենայի ֆիլհարմոնիկը և Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Համերգին ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի և Թյուրինգիայի Լանդթագի անդամներ, երկրամասի նախարարներ, քաղաքային իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Համերգի մեկնարկին ներկաներին ողջունեցին Յենայի քաղաքապետ Ալբրեխտ Շրյոթերը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Դեսպան Սմբատյանն իր խոսքում նշեց. «2016թ. սեպտեմբերին հայ-գերմանական մշակութային օրերի շրջանակներում, Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բարձր հովանո ներքո Յենայի ֆիլհարմոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես էր եկել Երևանում: Իսկ այսօր Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատասխան համերգով հանդես է գալիս Գերմանիայում: Այսօրինակ համերգային ծրագիրը ևս մի կարևոր միջոց է` միտված երկու երկրների միջև արդեն կայացած մշակութային համագործակցության և հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների էլ ավելի խորացմանն ու ընդլայմանը: Հպարտ եմ, որ Հայաստանի լավագույն նվագախմբերից մեկն իր բարձրորակ կատարողական արվեստը կներկայացնի գերմանացի խստապահանջ հանդիսատեսին»:

Համերգային ծրագրում հնչեցին Չայկովսկու, Միրզոյանի և Շոստակովիչի ստեղծագործությունները, որոնց կատարումներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատանքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am