Բակո Սահակյանը կոչ է անում միանալ Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործմանը

Armenpress 23:37, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից արդեն 20-րդ անգամ անցկացվող հեռուստամարաթոնի  որդեգրած ծրագրերի հաջող ու արդյունավետ իրականացումը նոր որակ կհաղորդի Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու  անվտանգության ամրապնդմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայն հայությանն ուղղված իր ելույթում շեշտեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։  «Թանկագին հայրենակիցներ, այսօր բոլորս միասնական ջանքերով կրկին պետք է մեկնարկ տանք Արցախի համար ռազմավարական նշանակության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես, խորքային հորերի հորատմանը, ոռոգման ցանցերի կառուցմանը և արևային էներգիայի համակարգերի ներդրմանը։ Ժամանակակից ոռոգման համակարգ ունենալը հնարավորություն կտա նշանակալիորեն ավելացնել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ավելի խնայողաբար օգտագործել ջրային ու հողային ռեսուրսները, կնպաստի բնակչության բարեկեցության բարձրացմանը՝ մշտական ու երաշխավորված աշխատատեղեր ստեղծելով շրջաններում»,-ասաց Արցախի նախագահը։

 Նախագահը համոզմունք հայտնեց, որ այդ ամենից զատ գյուղատնտեսական ծրագրերի իրականացումը կապահովի նաև պարենակին անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև կմեծացնի Արցախից արտահանվող ապրանքների ծավալն ու տեսականին։

Անդրադառնալով արևային էներգիայի կայանների ներդրմանը՝ Բակո Սահակյանը նկատեց, որ այն նոր ուղղություն է Արցախի համար, որը որևէ վտանգ չի ներկայացնում բնությանն ու շրջակա միջավայրին և ունի տնտեսական առավելություններ էներգիայի ավանդական տեսակների համեմատ։ «Այս ծրագրի իրականացումը կարևոր նշանակություն կունենա էներգետիկ անվտանգության տեսանկյունից։ Արցախում կան խոստումնալից հեռանկարներ էներգետիկայի այս ուղղությունը զարգացնելու համար»,-նշեց Բակո Սահակյանը՝ հույս հայտնելով, որ համայն հայությունը կցուցաբերի պատրաստակամություն համատեղ ջանքերով շենացնելու Արցախը։

 Լոս Անջելեսում Երևանի ժամանակով 22։00-ին մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2017»-ը, որն այս տարի կրում է «Բերքառատ Արցախ» խորագիրը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am