ՀՀ Նախագահը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի անդամներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման հեռանկարները

Armenpress 20:43, 23 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին և կարևորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, Նախագահի գնահատմամբ, կարևոր և պատասխանատու առաքելություն են ստանձնել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու և մշտապես սատարելու համար, նշելով, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը եվրոպական հարթակներում հնչեցնելով Հայաստանի ձայնը, համակողմանի ներկայացնելով երկրին վերաբերող հարցերն ու բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը Եվրոպայում և այդպիսով Հայաստանի մասին կարծիք ձևավորելով, արժեքավոր ու նշանակալի աշխատանք են կատարում` միաժամանակ նպաստելով եվրոպական երկրների ու կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը և համախմբելով Հայաստանի բարեկամներին: Հանրապետության Նախագահը ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ու տարածաշրջանային զարգացումների մասին: Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am