Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան սիրիական հարցով համատեղ հայտարարություն են ընդունել

Armenpress 20:09, 22 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համատեղ հայտարարություն են ընդունել սիրիական հակամարտության հարցում այդ երեք երկրների հետագա համագործակցության առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո:

«Ուրախությամբ կարող եմ նշել, որ Իրանի և Թուրքիայի առաջնորդներն աջակցություն են հայտնում համասիրիական ֆորումի՝ Սիրիայի ազգային երկխոսության Կոնգրեսի գումարմանը: Պայմանավորվել ենք անցկացնել այդ կարևորագույն միջոցառումը համապատասխան մակարդակով»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Նա շեշտել է, որ այդ հանդիպմանը պետք է մասնակցեն սիրիական հասարակության լայն շերտերի ներկայացուցիչներ, որոնց ներգրավման առնչությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել: Պուտինը նաև տեղեկացրել է, որ Կոնգրեսը կանցկացվի Սոչիում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am