Մոնթեի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ. Դիլիջանում պաշտոնապես բացվեց ռազմամարզական վարժարանը

Armenpress 19:14, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պաշտոնական բացումը կայացավ Հայաստանի և Արցախի ազգային հերոսի 60-ամյակի նախաշեմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց վարժարանի սաներին կարևոր իրադարձության առիթով: Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով նաև վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է, Ներսես Շնորհալու աղոթքով սկսեց իր ելույթն ու նկատեց՝ պատահական չէ, որ վարժարանը տեղակայված է սահմանապահ Տավուշում:

«Մոնթե Մելքոնյանի անունն ու նրա ծննդյան տարեդարձով պայմանավորված վարժարանի վերաբացումը կարևոր հանգրվան է մեր հաղթանակների երթի ու շարքի մեջ: Սա կարծես մի նոր լեռնացած իրականություն, մի նոր լեռնացած ճշմարտություն է, որ գալիս է ձեր միջոցով վկայելու մեր հավիտենականության մասին»,-ասաց Բագրատ Սրբազանը: Դիմելով սաներին՝ Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ այսօր նրանց ճախրանքի նոր սկիզբն է: «Թև տվեք այդ ճախրանքին, լցրեք մեր կյանքը հաղթանակներով: Դուք գալիս եք համալրելու հայոց բանակի շարքերը, որպես ապագայի սպաներ»,-ավելացրեց Սրբազանը:

Վարժարանի շրջանավարտ, ՀՀ ԶՈՒ 1-ին ԲԿ հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Ցականյանի խոսքով՝ ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին, ովքեր իրենց հոգում ու մտքում կրում են ժողովրդի իղձերն ու երազանքները: «Այդպիսի ծնունդ է Մոնթեն: Չունենալով զինվորական կրթություն՝ նա լավագույնս էր ղեկավարում մարտական գործողություններն ու համակարգում տարածաշրջանի պաշտպանությունը»,-ասաց նա: Մոնթե Մելքոնյանի պատգամն էր պայքարել, սիրել հայրենիքը, լինել ազնիվ ու անվախ: Նա, հանդես գալով վարժարանի բոլոր շրջանավարտների անունից, նշեց, որ վարժարանն ամրացնում է այնտեղ սովորողների կամքը, օգնում ընտրել կյանքի լավագույն ճանապարհն ու ծառայել սեփական ժողովրդին: «Այս վարժարանում գտել ենք կյանքի ուղեկից լավագույն ընկերների, ովքեր դժվարին պահին օգնում են հաղթահարել դժվարությունները: Վարժարանում ուսուցման տարիները անհոգ ու անվտանգ մանկության տարիներ են, որն ապահովում են վարժարանի հրամանատարությունն ու ուսուցիչները՝ մեր ավագ ընկերները»,-ավելացրեց Ալեքսանդր Ցականյանը:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կրթություն են ստանում ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների աշակերտները: Ներկայում սովորողների թիվը 190 է, նրանցից 94-ն ընդունվել են այս տարի: Աշակերտները Հայաստանի տարբեր մարզերից են: Վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ծրագրով, առաջիկայում նախատեսվում է անցում «Արարատյան բակալավրիատ» հայալեզու և միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրին: Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության և ժամանցի համար։ Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։ Մատուցվում է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Կրթական պրոցեսը երկուշաբթիից-ուրբաթ է, հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am